09.05.2023|
10:50
ՈՒզում եմ հավատալ, որ ներքևի շարքի ծայրում նստած շեկ զորականը ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎՆ է: Այս մարդուց որևէ հիշատակ, որևէ լուսանկար չի պահպանվել: Ինչպե՞ս ու որտե՞ղ ավարտեց իր օրերը: Ինքը վկայում է, որ վերջում, 1919-ի ապրիլին, սիբիրյան ամբողջ վաշտից ողջ էին մնացել երկու արևմտահայ զինվոր և ինքը: Վկայում է, որ այդ զինվորները որոշեցին գնալ Ռուսաստան, իսկ ինքը մնաց փոքրիկ Հայաստանում, որի ազատագրության համար մի ամբողջ տարի հոգի էր տվել Անդրանիկի հրամանի տակ: Մեզ համար մի շատ թանկ բան էլ է վկայում: Ասում է, որ 1917-18-ին, երբ ռուսական զորքերը հեռանում էին Հայաստանից, իրենց հետ տանում էին Անդրանիկի լեգենդը: Ինքը հեռավոր Իրկուտսկում լսեց Անդրանիկի մասին, լսեց ու զարմացավ, թե ո՞վ է այդ մարդը, որի անունով են երդվում կազակները՝ Կովկասից մինչև Սիբիր: Լսեց ու որոշեց հասնել Կովկաս, մտնել Անդրանիկի հրամանի տակ: ՈՒ կովկասյան թշվառության մեջ ճանաչեց աշխարհի ամենահզոր ու ամենադժբախտ զորավարին: Ճանաչեց ու որդիական սիրով մինչև վերջ նվիրվեց նրան ու նրա հայրենիքին: Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին: Նույնիսկ նրա կողքին, ով առաջինը ձեր մտքով անցավ: Լսենք նրա վկայությունը Անդրանիկի վերջին զորամասի կազմավորման մասին (1918թ., մարտ-ապրիլ, Թիֆլիս):